Երևանի Հանրապետության հրապարակում կազմակերպված աննախադեպ համերգով երեկ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT 2019) մեկնարկը: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ ստեղծվել է WCIT համաշխարհային նվագախումբը՝ 14 երկրների 75 արտասահմանցի և 30 հայ երաժիշտներից: Համերգի ընթացքում WCIT նվագախումբը հանպատրաստից կատարեց հընթացս արհեստական բանականության կողմից ստեղծված երաժշտությունը: Համերգում ելույթ ունեցավ աշխարհահռչակ DJ Արմին վան Բյուրենը:
Հանրապետության հրապարակում համերգին ներկա էին WCIT-2019 համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան եկած հյուրերն ու բարձրաստիճան պաշտոնյաներ։ Այս տարի WCIT ՏՏ համաշխարհային համաժողովի թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։ Համաժողովի ընթացքում հանգամանորեն կքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները թե դրական, թե բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի և բարեկեցության, ապահովության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա։
Երևանյան համաժողովին սպասվում է 2 0000 մասնակից՝ 70 երկրից։ Հայաստանի կառավարությունը տեղեկատվական տեխնոլոգիաները հռչակել է տնտեսության զարգացման ռազմավարական ուղղություն։ Երկրի օրենսդրությունը նպաստավոր պայմաններ է ապահովում ՏՏ ոլորտում օտարերկրյա ուղղակի ներդրումների համար: Հայաստանում 900 ՏՀՏ ընկերություններ կան, ներառյալ համաշխարհային ճանաչում ստացած PicsArt-ը, Softconstruct-ը, Renderforest-ը, Joomag-ը: